Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Լեռնային Ղարաբաղ. Կլինի՞ ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձև

Լեռնային Ղարաբաղ. Կլինի՞ ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձև
04.09.2016 | 11:32

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդեց, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ են անցկացվելու: Խոսքը հերթական հանդիպման մասին է, որ պարբերաբար անցկացվում է Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում: Հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման՝ երեք երկրների ջանքերի համակարգումն է: Մոսկվայում, կարգավորման ընդհանուր խնդիրներից բացի, «հատուկ ուշադրություն է դարձվելու պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Պետերբուրգում»: ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ճշտեց, որ «բանակցության սեղանի շուրջ ծրագրում են քննարկել հերթական քայլերը»: Ի՞նչ քայլեր:

Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որ նախատեսում են հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի ներդրում և կոնֆլիկտի գոտում միջազգային մշտական դիտորդների առկայություն, արդյունքն էին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա առեղծվածային պատերազմի: Առեղծվածային, որովհետև այդ պատերազմի արդյունքները առայժմ նշանակություն ունեն միայն Ադրբեջանի ու Հայաստանի ներքին կյանքում, բայց ոչ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Բաքվում նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմն անվանելով «հաղթական», բարձրացրեց ու ամրապնդեց իր վարկանիշը, սահմանադրական բարեփոխումների սկիզբ դրեց, որոնք ամրապնդելու են իր անձնական իշխանությունը: Երևանում նախագահ Սերժ Սարգսյանը, կարծես, պատրաստվում է արտաքին քաղաքականության մեջ որոշակի սրբագրումներ անել: Կոնֆլիկտի կարգավորումը առաջվա պես իրականացվում է տարբեր մակարդակների փակ բանակցություններով ու խորհրդակցություններով:

Երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքու ու Երևան այցերի ժամանակ որոշեց հիշել «կազանյան բանաձևը», որ նախկինում մերժել էր նախ և առաջ Ադբեջանը, և որը հիմա, իբր, բանակցային փակ գործընթացի հիմքում է, իրենց «Կրեմլին մերձ աղբյուրներ» համարող որոշ քաղաքագետներ, հետո նաև նրանց ադրբեջանցի ու հայ գործընկերները, սկսեցին պնդել, որ գոյություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «ծրագիր»: Դա Երևանում ընդդիմության որոշակի ուժերի ելույթների պատրվակ դարձավ իշխանության դեմ, որը մեղադրվեց «ազգային դավաճանության» մեջ, և՝ հակառուսական տրամադրությունների աճի: Բաքուն դա ներկայացնում էր իբրև ապրիլյան պատերազմի նպատակների իրականացում, և հայտարարում, որ «Մոսկվան հանձնեց Երևանին՝ հօգուտ Բաքվի»:

Ծուխն առանց կրակի չի լինում: Կրեմլն իսկապես տեղեկություններ էր հավաքում կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների մասին: Բաքվից ու Երևանից ստացած տվյալների ու եզրակացությունների հիման վրա անցկացվում էին տարբեր փակ խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով դիրքորոշումները հանգեցնել միասնական ինչ-որ փաստաթղթի: Առաջին հերթին պարզ էր դառնում, որ Բաքուն ու Երևանը համատեղ ձգտում են ամեն գնով պահպանել Ալիև-Սարգսյան բանակցային ձևաչափը, որտեղ Սարգսյանը նաև ԼՂ-ի անունից է հանդես գալիս: REGNUM-ի դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ այդ պահին իսկապես կար «շրջաններ-Ստեփանակերտի կարգավիճակ» բանաձևով փոխզիջումային լուծում որոնելու ձգտում: Երկրորդ՝ ստեղծվել էր վիճակ, երբ Բաքվին ու Երևանին բավարարող փոխզիջումային լուծումների ձեռքբերման դեպքում, դա կարելի էր անվանել «երկկողմանի հաղթանակ»: Անհաջողության դեպքում կարելի էր մեղադրել Մոսկվային, ինչը և տեղի ունեցավ: Պարզվեց նաև, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը իրականում պետք է միայն Ստեփանակերտին, որ Բաքվի ու Երևանի հետ ստորագրել է զինադադարի համաձայնագիրը: Հիմա Բաքուն, կարծես Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը չեն էլ եղել, նորից սկսել է սայլը ձիուց առաջ դնել և պահանջել ՄԱԿ-ի ԱԽ հայտնի չորս բանաձևերի կատարումը: Ելույթ ունենալով Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսում, Էլմար Մամեդյարովը, խոսելով կոնֆլիկտի կարգավորման մասին, ասաց. «Ադրբեջանը կարգավորման կողմնակից է միջազգային հանրության ճանաչած սկզբունքների մակարդակով, Մինսկի խմբի համանախագահների և պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների, հանդես է գալիս սուբստանցիոնալ բանակցությունների օգտին՝ գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու համար, որ ԵԱՀԿ ՄԽ-ն համարում է անընդունելի: Կոնֆլիկտի կարգավորման գործում առաջընթացի համար՝ ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերին համապատասխան՝ Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ռազմական օկուպացիային պետք է վերջ դրվի»:

Սովորական լեզվի թարգմանելով և Մամեդյարովի դրույթները համադրելով ստացվում է դիվանագիտական տրամաբանական գլուխկոտրուկ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Պոտսդամում, որոշեց ուշադրությունը սևեռել կարգավորման գործընթացի նկատմամբ վստահության մեծացմանը և նշեց, որ անհրաժեշտ է «ամբողջովին կատարել 1994-1995-ի հրադադարի անժամկետ եռակողմ համաձայնագիրը, ստեղծել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները մեծացնել»: Մի կողմից` դա լիովին տրամաբանական է, որովհետև շեշտադրվում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացումը: Մյուս կողմից` Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, այդ հարցը տանում է ապագա, մինչդեռ գործընթացային կարգերը չեն բացառում Ստեփանակերտի ներգրավումը բանակցային գործընթացում, որ չի խախտում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և նույնիսկ Մադրիդյան սկզբունքների դրույթները: Միով բանիվ, Բաքուն ու Երևանը փորձում են բոլորին պարեցնել: Ակնհայտ է, որ այս պահին բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Բաքու-Երևան ձևաչափով փաստացի սպառել է իրեն կամ երկարատև փակուղի է մտել:

Ելքը մեկն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով պետք է նախապատրաստի ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձև, որպեսզի կանխի զինված գործողությունների վերսկսումը և առաջ գնա: REGNUM-ի տվյալներով՝ այդպիսի բանաձևի սևագիրն արդեն կա: Ենթադրաբար այդ թեման եղել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցում: Բացառված չէ, որ այդ թեման կքննարկվի նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Մոսկվայի խորհրդակցությունում: Եթե այդպես է, ԵԱՀԿ ՄԽ-ն կկատարի կարևոր քայլ կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ, որի մասին նշել է ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ.
Մի կողմ թողնենք հեղինակի վիճելի գնահատականները իրավիճակին, որ, բնականաբար, արտահայտում են ռուսական դիվանագիտության տեսակետները, և անդրադառնանք հրապարակման տեղեկատվական մասին՝ նախապատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձև, որի սևագիրը կա և հնարավոր է՝ քննարկվել է ՀՀ և ՌԴ, բնականաբար, նաև Ադրբեջանի, ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու նախագահների մակարդակով: Եթե բանաձևի նախագծի նպատակը նոր բախումը կանխելն է, Ադրբեջանը հնարավորը կանի բանաձևի նախագծի ընդունումը ձախողելու համար՝ անցյալ դարի ու նույնիսկ անցյալ հազարամյակի բանաձևերը շատ ավելի են համապատասխանում Բաքվի «սուբստանցիոնալ» նպատակներին, քան նոր բախումը կանխող և բանակցությունների շարունակման ելք տվող բանաձևը: Հաշվի առեք նաև, որ Ադրբեջանի ակտիվ ջանքերով ՄԱԿ-ի այս ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գագաթնաժողովի ժամանակ ստեղծված խմբի հանդիպումը, որի հայտարարված նպատակը ԼՂ հարցի լուծումն է: ՈՒղղվածությունը ինքներդ եք հասկանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ